Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Սերիական մարդասպանի անխուսափելի անկումը

Սերիական մարդասպանի անխուսափելի անկումը
15.05.2025 | 17:03

(ըստ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի)

ՀԱՅԱՑՔ ԱՊԱԳԱՅԻՆ

Նախ կարդանք Ալեքսանդր Պուշկինի “Вольность” (Ода) (1817 թ. դեկտեմբեր) բանաստեղծության հայտնի քառատողը.

Самовластительный Злодей!

Тебя, твой трон я ненавижу,

Твою погибель, смерть детей

С жестокой радостию вижу.

Իհարկե կա հայերեն թարգմանությունը Հովհաննես Թումանյանի մատուցմամբ, բայց մեջբերեցի ռուսերեն տարբերակը, քանի որ, ըստ իս, բնագրին երբե՛ք չի փոխարինի, թեկուզ և ամենավիրտուոզ կատարումը:

Այժմ փաստենք գլխավորը՝ պուշկինագետներին ու ընդհանրապես գրականագետներին արդեն երկու դարից ավելի հուզող հարցերից մեկն է՝ “О ком это Пушкин”?

Նապոլեոնի՞ն նկատի ունի, Լյուդովիոս 18-րդի՞ն, Ալեքսանդր 1-ինի՞ն, թե՞…

Մինչ օրս էլ չկա «թե»-ի բոլորի կողմից ընդունված ճշգրիտ պատասխանը: Հետևապես ինձ թույլ կտամ եզրակացնելու՝ ինչպես իր «Աստվածային կատակերգությունն» է Դանթեն գրել տեսիլքի ժանրով (եթե իհարկե կարելի է այդպես բնութագրել), այնպես էլ Պուշկինը, որպես մարգարե, իր ներկայից հայացք է գցել ապագային ու տեսել մեր ժամանակների սերիական մարդասպանի եղկելի մարմնազանգվածն ու բնության սխալի անխուսափելի անկումը:

Читают на твоём челе

Печать проклятия народы.

Նաև՝

Ты ужас мира, стыд природы,

Упрёк ты Богу на земле.

Տեսածն ու զգացածը “Вольность” ներբողով պոետն ավետել է հետնորդներին (այդ թվում նաև մեզ՝ հայերիս, եթե նկատի ունենանք, որ բարձր արվեստը չի ճանաչում ժամանակ, ազգություն ու սահմաններ):

О КОМ ЭТО ПУШКИН?

“Вольность”-ից (Սանկտ Պետերբուրգ) 200 տարի անց:

2018-ի մայիսի 8: Հայաստանի Հանրապետություն:

Երևանյան խաղաղ, արևոտ մի առավոտ:

ՀՀ ԱԺ-ում կրկին ընտրություն է (կրկին, որովհետև առաջին, այսպես կոչված, «ռաունդում»՝ 2018-ի մայիսի 1-ին, հայտնի դասալիքը, Աստծո կամոք, պարտություն էր կրել):

Բնության հանդարտությունը մի քանի ժամից խաթարեց «բոթը»՝ երկրի վարչապետ է կարգվում...

«Գույժին» զուգահեռ մթնեց ու անսպասելի պայթեց երկինքը՝ կայծակ, որոտ, գոռգռոց, ամեն ինչ սրբող-տանող հորդառատ արձրև:

Երկինքը լալիս էր:

Կեղծ հաղթանակի լուրից հարբած-խելագարված ամբոխները գոռում-գոչյունով, վայրի աղաղակներով, ոռնոցներով լցվել էին փողոցներ ու դեռ չէին գիտակցում, որ «ազգակործան պատուհասի» «հայտնությանը» զուգահեռ կորցնելու են Արցախը, որ…

«Որ»-ին հաջորդող բազմակետերի թաքցրած ողբերգությունները նրանց դեռ ընկալելի չէին, ցնծացող-դժբախտները չէին հասկանում՝ ԵՐԿԻՆՔԸ նշանների լեզվով խոսում էր Հաբեթի ժառանգների հետ.

- Չլսեցի՞ք ինձ, փողոցից եկած, փող աշխատող ճարպիկ տգետի՞ն ուզեցիք կարգել ձեզ ղեկավար, ստացե՛ք: Բայց հետո չնայեք վեր ու չբողոքեք. «ՈՒ՞ր էիր Աստված»:

Մահացու մեղքերից պարարտացած «արատավոր հորթն» ինքներդ բարձրացրիք պատվանդան: Դե՛, բացեք դռներն ու անտրտունջ ընդունեք ճակատագրի հարվածները, դիմացեք ձեզ պատուհասող արհավիրքներին:

Անդառնալի կորուստները, հազարավոր մահերը, ավերածությունները, երկրորդ եղեռնը ձեր անհեռատեսությամբ ու հրաժարումով դու՛ք «ոգեկոչեցիք»:

Դե՛, վայելե՛ք:

ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՍՏԱԽՈՍԻ ԱՍՊԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Երկու հարյուրամյա հեռվից Ալեքսանդր Պուշկինին ուրվագծված «Самовластительный Злодей»-ն արդեն մեր օրերում «գահին» բազմելուց անմիջապես հետո, յուրացրեց բոլոր ժամանակների ու ժողովուրդների «հայհոյաբանության հայր» «վեհ» կոչումը:

Ինչին դիպավ նրա անմաքուր «շունչը» մաս-մաս արեց, թունավորեց, աղտոտեց ու քայքայեց:

Քայլող ու շնչող ավերիչ խորշակը դոմինանտ դարձրեց բանսարկությունը, մատնությունը, զրպարտությունը, թշնամանքը, դավաճանությունը:

Ասպարեզ նետեց «պետք է թուրքին թշնամի չնայենք, որպեսզի թուրքը մեզ թշնամի չնայի» ազգակործան թեզը, չմանրամասնելով՝ թուրքն իհարկե մեզ թշնամի չի դիտարկի, եթե հրաժարվենք մեր ինքնությունից, որպես պետություն ու պետականություն լինելուց, եթե ինքնակամ վերածվենք վիլայեթի:

«Գործ սարքելով» ու սրան-նրան սոսնձելով վարկաբեկեց ՀՀ զինված ուժերի սպայակազմին, քարուքանդ արեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակը:

Հրահրեց պատերազմ և 5000-ից ավելի լույս տղաներ «Բայրաքթար»-ների զոհ դարձան:

Ընդլայնեց (3-4 անգամ) Եռաբլուրը:

Խաթարեց 12 000-ից ավելի հաշմանդամ ու խեղված դարձածների կյանքը:

Հանդուրժեց, որ գերի ընկածները թշնամու ձեռքում դառնան վայրագությունների, նվաստացման օբյեկտ:

Հայրենիքը վաճառասեղանին դրած, Պուշկինի շուրթերով՝ «стыд природы» կոչվածը, հայ զինվորից «ճանկռեց»-գողացավ նրա հաղթանակն ու վերջնականապես կազմաքանդեց հայոց բանակը, ջարդեց նրա ողնաշարը:

Գլխատեց մի ողջ սերունդ, բայց իրագործած ցեղասպանությունը մատուցեց որպես 25-30 հազար կյանքերի, ի վերջո, հայրենիքի փրկություն:

Եվ այդ հայրենիքը «փրկելու նպատակով» թշնամուն հանձնեց Արցախի 75 տոկոսը, 187 գյուղ ու 6 քաղաք, 200 վանք ու եկեղեցի, սրբատեղիներ, ամրոցներ, բերդեր, 4000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ ու կոթողներ:

Կատարած ավերից հետո կապիտուլյանտը 2020-ի նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան «3 միլիոն վարչապետերի» թիկունքում ստորագրեց խայտառակ եռակողմ պայմանագիրն ու մտավ բունկեր, փրկելով իր անպետք-անիմաստ գոյությունը:

Օրեր անց ընդհատակից լույս աշխարհ դուրս գալուց հետո շարունակեց այն գործը հանուն ինչի իրեն քայլեցրել էին և ապահովել փափուկ վայրէջքը ՀՀ վարչապետի աթոռին:

Զիջեց սուվերեն Հայաստանի շուրջ 45 քառակուսի կիլոմետր տարածք:

Հակառակորդին հանձնեց 21 կմ երկարությամբ միջպետական նշանակության ռազմավարական ճանապարհ:

Հարյուրավոր ոստիկանների ու դիպուկահարների թիկունքում տեղաշարժվող պատուհասը, զրահաբաճկոն ու զրահապամպերս հագած ժամանակ առ ժամանակ սպառնում է «ջարդել» ոչ թե Հայաստան ներխուժած, ՀՀ տարածքում զինվորներ սպանող ու տղաներ գերեվարող թշնամուն, այլ սեփական հայրենիքի առուծախը խոչընդոտողների ատամները:

«ԴԱ ԱՎԵԼԻՆ ԷՐ, ՔԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

2022-ի ապրիլի 13-ին ԱԺ-ում «Կառավարության ծրագրի 2021 թ. կատարողական զեկույցի» քննարկման ընթացքում սովորական մանիպուլյացիաներով փորձեց խաղալ իրեն դեռևս հավատացողների նուրբ լարերի վրա:

Նրա ակամա խոստովանությունը՝ տարածքները «հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», քողարկված սպառնալիքը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչումը «վտանգ է ոչ միայն Արցախի այլև Հայաստանի համար», իմա՝ պատերազմով ահաբեկելու փորձը, հստակ ձևակերպում ունեին՝ իր իսկ բառերով ասած՝ «դա ավելին էր, քան դավաճանությունը»:

Հետևա՞նքը… փողոցային պայքար, ուրվականներից փախչող «խելագարված Սաքո», ոստիկանական մեքենաներով ու ավտոբուսներով ուղեկցվող ավտոշարասյան վրաերթ՝ մահվան ելքով, փախուստ հանցանքի վայրից, «Թոռնիկ»-ների մատնություններ, պուշկինյան «Злодей»-ի կողմնակիցների բացահայտ թուրքամետ ռևերանսներ, 44-օրյայի մասնակից տղաների ձերբակալություններ, վախվորած տեղաշարժ՝ կենդանի ոստիկաններից սարքված սարկոֆագով:

Իրավիճակ, որ վկայում է՝ Հայաստանը հղի է հեղափոխությամբ:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ. Ալեքսանդր Պուշկինի ատելի հերոսի «քաղաքական կապիտալը» սուտն է:

Ստում է միշտ և ամենուր, որովհետև պաթոլոգիկ ստախոս է:

Իսկ «ամուր ձեռքը», որը կսանձի պետականաքանդ, երկիր ավերող, ազգակործան ստախոսի հետագա ասպատակությունը հայկական գյուղերով ու բնակավայրերով, ուժ է հավաքում…

…Հավատում եմ Պուշկինի տեսիլքին՝

Молчит неверный часовой,

Опущен молча мост подъёмный,

Врата отверсты в тьме ночной

Рукой предательства наёмной…

О стыд! о ужас наших дней!

Как звери, вторглись янычары!…

Падут бесславные удары…

Погиб увенчанный злодей.

15.05.2022

Դիտվել է՝ 557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ